Վկայություններ կան վերադարձած գերիներից, որ իրենք Ադրբեջանում արժանացել են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, հոգեբանական և ֆիզիկական բռնության․ Արտակ Բեգլարյան
Իմ տեղեկություններով՝ Ադրբեջանից վերադարձված գերիների ընդհանուր թիվը 53 է։ Բայցի նրանցից՝ 2 քաղաքացիական պաշտոնապես հայտարարված գերիներ մահացել են ադրբեջանական բանտում։ Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը՝ դեռևս ոչ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվելու որոշում է կայացրել՝ ԱՀ գործադիր իշխանությունում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։
«Երկուսի պարագայում էլ հստակ, բավարար ապացույցներ կան՝ պնդելու, որ բանտում սպանվել են։ Երկուսն էլ տարեց մարդիկ են՝ մոտ 80 տարեկան»,- նշեց նա։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արդեն շատ վկայություններ կան վերադարձած գերիներից, որ ադրբեջանական բանտերում և նաև զինված ուժերի կողմից նրանք, այդ թվում՝ կանայք, գերեվարման ընթացքում, արժանացել են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, հոգեբանական և ֆիզիկական բռնության։
«Նրանց զգալի մասն առ այսօր կրում է հետևանքները ու հիվանդանոցներում բուժում է ստանում։ Չեմ կարող հստակ թիվ ասել, բայց, իմ տպավորությամբ, եթե ոչ բոլորը, ապա գոնե ճնշող մեծամասնությունը ենթարկվել է ֆիզիկական բռնության, բոլորը՝ հոգեբանական բռնության։ Այս հանցագործությունները պատշաճ կերպով արձանագրվելու են նաև մեր կողմից, անհատ փաստաբանների ու իրավաբանների կողմից, ու համապատասխան հայցերը ներկայացվելու են նաև միջազգային ատյաններ»,- նշեց նա։










