Բոսնիա և Հերցեգովինայում պահանջում են նախագահի հրաժարականը. պատճառը Լավրովին նվիրած ուկրաինական սրբապատկերի շուրջ սկանդալն է
Բոսնիա և Հերցեգովինայի սերբ ընդդիմադիրները պահանջում են, որ նախագահ Միլորադ Դոդիկը հրաժարական տա: Այս մասին հայտնում է Balkan Insight-ը, նշելով, որ պահանջը ներկայացվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ուկրաինական սրբապատկեր նվիրելու հետ կապված սկանդալից հետո:
Այս առնչությամբ «Ժողովրդավարական առաջընթաց» կուսակցության առաջնորդ Բրանիսլավ Բորենովիչն ասել է.«Սխալների, խայտառակությունների և չարաշահումների շարքը հասավ գագաթնակետին՝ կապված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համար պատրաստած նվերի հետ»:
Միևնույն ժամանակ Սերբիայի դեմոկրատական կուսակցության ղեկավար Միրկո Սարովիչն էլ այն կարծիքին է, որ հրաժարական պետք է տան բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն սկանդալի հետ։
Հիշեցնենք՝ նվերը Լավրովին տրվել է դեկտեմբերի 14-ին: Պարզվել է, որ դա Լուգանսկից բերված 300-ամյա սրբապատկեր է, որի վրա պատկերված է Նիկոլայ Հրաշագործը: Սրբապատկերի վրա տեսանելի է մոմե կնիք, ըստ որի՝ այն պատկանում է Ուկրաինային:










