Բուլղարացի թոքաբան հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր, 70%-ով ավելի վարակիչ տարատեսակը երկրում հայտնաբերվել է դեռևս ապրիլին

14:13 • 23.12.20

Բուլղարացի թոքաբան Ալեքսանդր Սիմիդչիևը հայտարարություն է տարածել այն մասին, որ երկրում կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է բրիտանացի մասնագետների հայտարարությունից շատ ավելի վաղ: Այս մասին նա հայտարարել է Բուլղարիայի ազգային ռադիոյի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին: 

Ըստ նրա՝ վիրուսի շտամը գրանցվել է Բուլղարիայում դեռևս 2020 թվականի ապրիլին:

Նա մանրամասնել է, որ մուտացիան հայտնաբերվել է ՁԻԱՀ-ի ազգային լաբորատորիայի կողմից:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենկոքը հայտնել էր, որ Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տարբերակ է հայտնաբերվել: Նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը: