Ֆրանսիայում տղամարդը սպանել է 3 ժանդարմի
Ֆրանսիայում տղամարդը սպանել է 3 ժանդարմի, ևս մեկը վիրավոր է: Այս մասին տեղեկացնում է BFMTV հեռուստաընկերությունը` հղում տալով ֆրանսիական դատախազությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Պույ-դե-Դոմ դեպարտամենտի Ամբեր կոմունայում` չորեքշաբթի գիշերը: Ոստիկանության աշխատակիցները ժամանել էին ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդում ստանալուց հետո: Երբ նրանք փորձել են տանիքից իջեցնել կնոջը, 48-ամյա տղամարդը կրակ է բացել: Լրատվամիջոցների հաղորդմամբ` հանցագործին հաջողվել է փախչել:
Սեն-Ժյուստ համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ գործողությունը շարունակվում է, հանցագործին դեռևս չեն հայտնաբերել:
Տղամարդը ժանդարմներից մեկին սպանել է տանը, երկուսին` տան մոտակայքում, ինչից հետո հրկիզել է տունը:
«Քանի որ տունը ամբողջովին այրվել է, դեռևս պարզ չէ, նա (հանցագործը) մահացել է, թե կարողացել է փախուստի դիմել»,-ասել է Սեն-Ժյուստ համայնքի ղեկավար Ֆրանսուա Շոտարը:
Նրա խոսքերով, տեղում են գտնվում Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի միջամտության խմբի անդամները:
Ավելի ուշ հեռուստատեսությունը, վկայակոչելով ժանդարմերիայի իր աղբյուրներին, հայտնել է, որ կրակող անձին հաջողվել է թաքնվել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տան տանիքում ապաստանած կինն այժմ ապահովության մեջ է: Զինվածը, ինչպես նշում է հեռուստաալիքը, իրավապահներին հայտնի էր երեխաների խնամակալության հետ կապված խնդիրներով:










