Սահմանն Իրանի և Ադրբեջանի միջև եղել է խաղաղության և բարեկամության սահման. Վաեզի

22:29 • 23.12.20

Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Իրան-Ադրբեջան սահմանը միշտ եղել է խաղաղության և բարեկամության սահման՝ շեշտելով Թեհրանի և Բաքվի միջև հարաբերություններն ընդլայնելու քաղաքական կամքը:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, Վաեզին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևի հետ հանդիպումից հետո: «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում նոր պայմաններ են ստեղծվել, որոնց ֆոնին անհրաժեշտ հարցեր կային քննարկելու»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերին, երբ վերջինս Իրանի հետ սահմանն անվանել էր խաղաղության և բարեկամության սահման, Վաեզին հայտնել է, որ Իրանը համակարծիք է այդ մտքին:

«Կարծում ենք, որ ժամանակն է խորացնելու բարեկամությունը տարածաշրջանի երկրների միջև և բազմակողմ հանդիպումներ անցկացնելու, այդ թվում և Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ, ինչպես նաև հանդիպում Իրանի, ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև, որոնք կարող են կարգավորել երկրների միջև եղած տարաձայնությունները»,- հավելել է իրանցին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության էին եկել Խուդաֆերինի ջրամբարում էլեկտրակայան կառուցելու և արտոնյալ առևտրի մասին պայմանագրերի հարցում: