Նյու Յորքում 2 ուղևոր բացել են շարժվող ինքնաթիռի դուռն ու լքել են այն

13:58 • 23.12.20

Երկու ուղևոր ինքնուրույն բացել են Delta Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի դուռը, երբ այն արդեն շարժման մեջ էր և LaGuardia օդանավակայանից պատրաստվում էր թռիչքի: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Ավիափոխադրողի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Նախատեսվում էր, որ ինքնաթիռը թռչելու էր Նյու Յորքից Ատլանտա (Ջորջիա նահանգ):

Երկու ուղևոր՝ Ֆլորիդա նահանգի բնակիչներ Անտոնիո Մերդոկը և Բրիաննա Գրեկոն, ինքնաթիռի՝ դեպի թռիչքուղի շարժվելուն պես, հանկարծ վեր են կացել իրենց տեղերից, մտել օդաչուների խցիկ և ակտիվացրել փչովի սանդուղքը, որն օգտագործվում է վթարային տարհանման համար:

Նրանց հաջողվել է բացել դուռը և լքել շարժման մեջ գտնվող ինքնաթիռը: Դրանից անմիջապես հետո նրանք են բերման են ենթարկվել:

Մերդոկը և Գրեկոն մեղադրվում են օդաչուների խցիկ ապօրինի մուտք գործելու համար: Բացի այդ՝ Մերդոկը մեղադրվում է նաև վնաս հասցնելու և այնպիսի իրավիճակ ստեղծելու մեջ, երբ այլ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում:

CNN-ը չի հայտնում երկուսի՝ նման քայլի դիմելու դրդապատճառների մասին:

Ըստ The New York Times- ի՝ Մերդոկը հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում (համարվում է թե՛ գենետիկական, թե՛ շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված հիվանդություն, որը պատկանում է դեպրեսիայի և տագնապի քրոնիկ ընթացք ունեցող ծանր հոգեկան հիվանդությունների շարքին: Այն նաև հայտնի է «վախի հիվանդություն» անունով, քանի որ զարգանում է կյանքին ու առողջությանը սպառնացող, սուր վախ ու սարսափ առաջացնող տրավմատիկ արտակարգ իրավիճակներում հայտնված անձանց մոտ, կամ այլ կերպ ասած հոգեբանական տրավմայի արդյունքում-Tert.am):