«Թրամփին Սադամ Հուսեյնի ճակատագիրն է սպասվում»․ Ռոհանի

16:15 • 23.12.20

Իրանի կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը Իսլամական Հանրապետության դեմ Միացյալ Նահանգների կողմից հայտարարված տնտեսական պատերազմի հետևանքները մեղմելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Iran Press-ը։

«Երբ մենք կարողանանք հասնել պատժամիջոցների չեղարկմանը, այդ ժամանակ կհաղթենք սիոնիզմին և ծայրահեղականներին։ Պատժամիջոցները ԱՄՆ-ում սիոնիստների, հետադիմականների և ծայրահեղականների հետևանքն են»,- հայտարարել է նա կառավարության նիստում:

Հասան Ռոհանին Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնին և ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է Իրանի ժողովրդին պատերազմ պարտադրած «խելագար արարածներ»։

«Սադամը մեզ զինված հակամարտություն է պարտադրել, իսկ Թրամփը` տնտեսական։ Մենք միավորվեցինք զինված հակամարտության ժամանակ (1980-88 թթ. իրանա-իրաքյան պատերազմը), մենք միասնական էինք և հաղթեցինք Սադամին և տեսանք այն օրը, երբ այդ խելագարին կախաղան հանեցին։ Թրամփն ավելի լավ ճակատագիր չի ունենա, քան Սադամը»,- ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին նաև հավելել է, որ փորձելով միջազգային ասպարեզում մեկուսացնել Իրանին, Թրամփի վարչակազմն ինքն է հայտնվել մեկուսացման մեջ:

Իրանի նախագահն անցյալ շաբաթ հայտարարել էր՝ «կասկած չունի», որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կվերադառնա Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին և կչեղարկի իրանական տնտեսության նկատմամբ պատժամիջոցները: