«Ինչո՞ւ ոչ». Վրաստանը ԱՀԿ-ի կողմից հաստատման դեպքում, հնարավոր է, ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք բերի
Վրաստանի առողջապահության նախարարությունը կարող է դիտարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ձեռքբերումը, եթե այն հաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ երկրի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքերին հղումով:
«Եթե այն ճանաչվի ԱՀԿ-ի կողմից, ապա ինչո՞ւ ոչ, սակայն որքան գիտեմ, դեռևս այդ մասին խոսք չի եղել»,- հստակեցրել է նա:
Հիշեցնենք՝ օրերս Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Էկատերինե Տիկարաձեն հայտնել էր, որ ռուսական պատվաստանյութի ձեռքբերման հարցը չի քննարկվել:
«Ռուսական պատվաստանյութի օգտագործումը չի դիտարկվում, բայց կարևոր է հաշվի առնել, որ ռուսական պատվաստանյութը նույնպես ներառված է «COVAX հիմնադրամում» (միջազգային հարթակ, որտեղ կարելի է պատվանյութ ընտրել, ինչպես նաև համագործակցել ուղղակիորեն արտադրող ընկերությունների հետ-Tert.am): Եթե այն ճանաչվի աշխարհի կողմից, ապա դրա օգտագործողը կարող է դառնալ ոչ միայն Վրաստանը, այլ նաև այլ երկրներ», - ասել է Տիկարաձեն:
Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել է՝ որ այժմ Վրաստանը հնարավորություն ունի COVAX հարթակի միջոցով երեք տեսակի պատվաստանյութեր ստանալ:
Ըստ նրա ենթադրությունների` պատվաստանյութը Վրաստանում կհայտնվի 2021 թվականի գարնան սկզբին:










