Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրի և ազատ մուտքի ռեժիմի վերաբերյալ

20:00 • 24.12.20

Մեծ Բրիտանիան համաձայնության է եկել Եվրամիության հետ Brexit-ից հետո ազատ առևտրի և ապագա հարաբերությունների հարցով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին:

«Գործարքը կայացել է»,- իր թվիթերյան էջում գրել է Ջոնսոնը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն, իր հերթին, տեղեկացրել է, որ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել միության կազմից թագավորության դուրս գալուց հետո հետագա գործընկերության մասին:  

«Համաձայնությունը կնքվել է: Դա թույլ կտա խուսափել առանցքային կապերի խզումից: Այն թույլ կտա ապահովել հասանելիությունն ընդհանուր շուկային և ձկնորսության համար հավասարակշռված պայմանները»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:  

Բրիտանական աղբյուրի տվյալներով՝ Լոնդոնը հասել է նրան, որ Եվրոպական դատարանն իշխանություն չի ունենա Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև հետագա հնարավոր վիճաբանությունների լուծման հարցում: Դա բրիտանական կողմի համար սկզբունքային էր:

Նշվում է նաև, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կպահպանեն առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու հնարավորությունը:

Brexit-ի պայմանների վերաբերյալ բանակցությունները կողմերի միջև սկսվել էին 2017 թվականի հունիսի 19-ին և նախատեսված են եղել 2 տարով, սակայն մի քանի անգամ երկարաձգվել են: