«Իրանը չի վերսկսի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները». ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Իրանի առաքելության խոսնակ Ալիռեզա Միրյուսեֆին ասել է, Իրանը չի վերսկսի բանակցությունները միջուկային համաձայնության շուրջ, որն արդեն մանրազնին և մանրակրկիտ կերպով իրականացվել է, հայտնում է tehrantimes.com լրատվական գործակալությունը:
Հայտարարությունն արվել է, գործարքը վերականգնելու նպատակով, Իրանին և ԱՄՆ-ին բանակցային սեղան վերադարձնելու եվրոպական նոր ջանքերի ֆոնին: Իրանի միջուկային համաձայնագրին Միացյալ Նահանգների անդամակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել էր ավելի քան երկու տարի առաջ: Այնուամենայնիվ, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) եվրոպական անդամ պետությունները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան (E3), հնարավորություն են տեսնում միջուկային գործարքը վերակենդանացնելու: Սա կապված է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի հետ, քանի որ իր նախընտրական արշավի ընթացքում Բայդենն ասել էր, որ ինքը վերադառնալու է գործարքին, եթե Իրանը վերադառնա դրա սահմաններում իրեն վերապահված պարտավորությունների կատարմանը:
Սեպտեմբերին CNN-ին տված հարցազրույցում Բայդենն ասել էր. «Ես Թեհրանին կառաջարկեմ դեպի դիվանագիտություն վերադառնալու հուսալի ուղի: Եթե Իրանը վերադառնա միջուկային գործարքի ամբողջական կատարմանը, ապա ԱՄՆ-ն միանալու է համաձայնագրին՝ որպես հետագա բանակցությունների մեկնակետ: Մեր դաշնակիցների հետ մենք աշխատելու ենք ամրապնդել և ընդլայնել միջուկային գործարքի դրույթները՝ միաժամանակ անդրադառնալով այլ հուզող հարցերի»:
Ընտրություններից հետո Բայդենն ասել էր, որ իր վարչակազմի համար շատ դժվար է լինելու գործարքին վերադառնալը, քանի որ բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել, որոնք ենթակա են քննարկման: Այս տեսակետը հաստատել են, նաև, գործարքի անդամ մյուս պետությունները:
Բայց Իրանը հասկացրել է, որ չի վերանայելու միջուկային գործարքը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջերս ասել էր, որ համաձայնագիրը չի քննարկվում: Նախագահը նաև բացառել է բանակցությունները Իրանի պաշտպանական հրթիռային ծրագրի և տարածաշրջանում դրա ազդեցության վերաբերյալ՝ ասելով, որ ամերիկացիները փորձել են հրթիռների հարցը ավելացնել համաձայնագրին, սակայն Իրանը մերժել է դա:
«Ամերիկացիները ամիսներ շարունակ փորձում էին հրթիռի հարցը ներառել միջուկային բանակցություններում, և դա մերժվեց: Թրամփը տեղյակ չէր այդ մասին, բայց պարոն Բայդենը քաջատեղյակ է գործարքի մանրամասներին», - նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ նոր բանակցությունների մասին խոսել է Թրամփը, իսկ Բայդենն ասել է, որ պատրաստ է ապահովել ԱՄՆ-ն վերադարձը միջուկային համաձայնագրին:
Բայց Իրանը պատրաստակամություն է հայտնել տարածաշրջանային խնդիրները բանակցել հարևանների և տարածաշրջանի երկրների հետ, կարծում է Միրյուսեֆին:
Բացառելով համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը, խոսնակը ասել է. «Իրանը միշտ հրապարակավ ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցություններ վարել տարածաշրջանային խնդիրների շուրջ, բայց միայն հարևանների և տարածաշրջանի երկրների հետ»:
Նա նշել է, որ Իրանը չի հավատում, այդ երկխոսության շրջանակներում արտաքին ուժերի ներկայության անհրաժեշտությանը՝ այնպիսի արտաքին տերությունների, որոնք բառացիորեն հազարավոր մղոններ հեռու են տարածաշրջանից: Այս անդրտարածաշրջանային տերությունների կողմից տարածաշրջանի երկրներին մահացու զենքի վաճառքը, միշտ եղել է տարածաշրջանում անապահովության և խնդիրների կարևորագույն պատճառներից մեկը, հավելել է Միրյուսեֆին:
Ապագա հնարավոր բանակցություններում ներառվելու նպատակով ԱՄՆ-ի գործող վարչակազմին են դիմել Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Իսրայելը:










