Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը, քաղաքացիներն էլ օգնում են նրանց, որ նախարարները մուտք չգործեն շենք. Գեղամ Մանուկյանը՝ ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակումների մասին (տեսանյութ)

11:06 • 24.12.20

Դավաճան Նիկոլի հեռանալու պահանջը շարունակում է մնալ մեր բազմաթիվ համաքաղաքացիների մոտ: Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Դիտարկմանը՝ ոստիկանությունը քառաշերտ պատ է կազմել ու կառավարության շենքը շրջապատել, ի՞նչ է տեղի ունենում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը, քաղաքացիներն էլ աջակցում են ոստիկաններին՝ շրջափակելու կառավարության շենքը, որ նախարարները մուտք չգործեն»:

Դիտարկմանը՝ տեղեկություն կա, թե նախարարներն արդեն ներսում են, նա ասաց. «Եթե գաղտագողի էլ մտել են, ապա դուրս գալու հնարավորություն չեն ունենա: Նշանակում է, որ մի կառավարություն, որը չի կարող բաց երեսով իր վարչապետի հետ մուտք գործել կառավարության շենք, դադարում է կառավարություն լինել»:

Նա նշեց, թե ՀՀ-ում կառավարություն չկա և որ անցած նիստին նրանք չեն վավերացրել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը, իսկ երեկ կառավարությունը նիստ չանելով՝ վավերացրել է այդ ընտրությունը: «Նիկոլ Փաշինյանը այնպես է ավերել պետական համակարգը, որ առանց կառավարության պաշտոնական նիստի հարցեր են վավերացվում: Մենք կարող ենք ամեն օր ականտես լինել, որ առանց նիստի՝ կառավարությունը ինչ-որ հարցեր է վավերացրել, օրինակ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ամեն ինչ այս կառավարությունից սպասելի է»,- ընդգծեց նա: