Նավալնիի թունավորումից հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստել ՌԴ-ի դեմ, սակայն Թրամփը չի հաստատել դրանք․ լրատվամիջոցներ
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո ԱՄՆ պաշտոնյաները պատժամիջոցներ են մշակել Ռուսաստանի դեմ, սակայն դրանք չեն սահմանվել։ CNN հեռուստաալիքին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Հեռուստաալիքի երկու աղբյուրների խոսքով՝ «դեպքից հետո ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ն հնարավոր պատժամիջոցներ է պատրաստել» ։
Դրանք պաշտոնապես հաստատելու համար անհրաժեշտ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությունը։ Սակայն, ինչպես նշվում է նյութում, «նա Ռուսաստանին չի մեղադրել Նավալնիին թունավորելու համար»։
Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Նավալնին թեյ էր ըմպել օդանավակայանի սրճարանում: Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: ՌԴ-ն հերքում է Նավալնիի հետ կապված միջադեպին մասնակցության վերաբերյալ բոլոր մեղադրանքները։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Նավալնիի մասին հարցին, հայտարարել էր, որ «վերջինս Բեռլինի կլինիկայում օգտվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների աջակցությունից»։










