Ամբողջ կառավարության կազմը շրջափակման մեջ է, սրանից վճռական մենք ի՞նչ գործողություն պետք է անենք. Իշխան Սաղաթելյանը՝ իրենց անվճռական լինելու մեղադրանքների մասին
Սա մեր ժողովրդի շահերի պաշտպանության հետ որևէ առնչություն չունեցող կառավարություն է, որի գործունեության հետևանքով մենք օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը և գտնում ենք՝ իրենք անելիք չունեն, պետք է թողնեն հեռանան: Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այս կառավարության գործունեությունը տանում է կործանման: «ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, որ բացի ազգային աղետից, այս կառավարությունը՝ այս խեղկատակի գլխավորությամբ, եթե շարունակի իր գործունեությունը, ապա այս ոստիկանները, որ այստեղ կանգնած են, ընդամենը 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, մեր երկիրը հայտնվելու է սոցիալ- տնտեսական կոլապսի մեջ, երկրին սպասվում է հումանիտար աղետ: Հիմիկվանից զգուշացնում ենք, ոնց որ այն ժամանակ ասում էինք՝ այս մարդը տալու է Արցախը, պետականություն է կործանելու, ոնց որ ասում էինք՝ Սյունիքն է տալու. այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում, մինչև Երևանի կենտրոն, եթե այս կառավարությունը մնա: Պետք է բոլորս գիտակցենք, որ սա չարիքի կառավարություն է»,- հայտարարեց նա:
Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մոլորեցնել մեր հասարակությանը, կրկին դարձնում է հնի ու նորի պայքար, բայց սա հնի ու նորի պայքար չէ, սա իշխանություն- ընդդիմություն պայքար չէ, մեր պետականությունը կործանման եզրին է, այս մարդը երկիրը հետևողականորեն տանում է կործանման:
Դիտարկմանը՝ չնայած կառավարության շենքը շրջափակելու կոչերին, կառավարութան նիստն այդուհանդերձ տեղի ունեցավ, նա նշեց. «Այս կառավարությունը նիստ է անում, որ ի՞նչ անի, հիմա ո՞ւմ է խաբում, հիմա ի՞նչ է հանձնում, այդ նիստերը մեր ժողովրդի շահերից չեն բխում: Հիմա կառավարության անդամները գտնվում են շենքում շրջափակման մեջ, երկու ժամ է՝ շենք ելումուտ չկա»:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ ընդդիմությունն անվճռական է, դրա համար օրեցօր հանրահավաքի մասնակիցների թիվը նվազում է, Սաղաթելյանն ասաց. «Այդ մտահոգությունը կա, մեզ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ, թե դիմեք վճռական գործողությունների, ես գտնում եմ, որ սա վճռական գործողություն է: Այն քաղաքացիները, որոնք մեզանից հիասթափվում են, թե վճռական գործողությունների չենք դիմում, հենց հիմա թող գան հրապարակ, կառավարության ամբողջ կազմը գտնվում է շենքում, սրանից վճռական մենք ի՞նչ գործողություններ պետք է անենք»:
Նա նշեց, որ ամբողջ կառավարության կազմը գտնվում է շրջափակման մեջ մի գրամ արժանապատվություն ունեցող կառավարությունը պետք է հրաժարական տար. «Վարչապետը, որը իր երկրի տարածքում շրջափակված է ոստիկաններով, իր երկրի տարածքում շարժ չի կարողանում իրականացնել, այդ մարդն ի վիճակի՞ է երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու, նա ի վիճակի՞ է մեր երկրի համար բարիք բերելու»,- ասաց նա:










