ԱՄՆ-ի դեմ ենթադրաբար ՌԴ-ի կողմից իրականացված խոշոր կիբերհարձակումն ազդել է նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա

10:39 • 24.12.20

ԱՄՆ-ի կիբերանվտանգության գործակալությունը հայտնել է, որ կիբերլրտեսության մասշտաբային արշավը, որի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումն արվել էր ամսվա սկզբին, ազդում է նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հայտնում է reuters.com լրատվական գործակալությունը:

Հաքերային հարձակումը, որի հիմքում ընկած էր ամերիկյան SolarWinds ընկերության ցանցահարթակը՝ դաշնային կառավարության ցանցեր ներթափանցելու նպատակով, ազդում է դաշնային, նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքային կառույցների և մասնավոր հատվածի այլ կազմակերպությունների վրա:

Այդ մասին ասվում է Անվտանգության գործակալության (CISA) կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ Անվտանգության գործակալությունը տեղեկացրել էր, որ հաքերային հարձակումից տուժածների թվում են ԱՄՆ-ի պետական գործակալությունները, կարևոր ենթակառուցվածքային կառույցները և մասնավոր հատվածը, սակայն նշված չէին տուժած հաստատությունների անվանումները: Մինչ այժմ միայն մի քանի դաշնային պետական գործակալություններ են պաշտոնապես հաստատել, որ տուժել են, այդ թվում ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, առևտրի վարչությունը և էներգետիկայի նախարարությունը:

Reuters լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Արիզոնա նահանգի Պիմա քաղաքը, նույնպես, հարձակման ենթարկվողների թվում է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am-ը, ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունն ու ՀԴԲ-ն չէին մեկնաբանել, թե ով է հարձակման ենթադրյալ պատասխանատուն: Անվտանգության մասնավոր ընկերությունները, սակայն, մատնանշել էին Ռուսաստանի Դաշնությանը:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ նշել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը կիբերտիրույթում վնաս տվող գործողություններ չի իրականացնում: