Թրամփը վետո է կիրառել 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծի նկատմամբ

11:41 • 24.12.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի արգելափակել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանացած 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատին ուղղված հաղորդագրության մեջ նշվում է, որ «թեև վարչակազմն ընդունում է ազգային անվտանգության համար օրինագծի կարևորությունը, սակայն փաստաթուղթը չի ներառում Ազգային անվտանգության վերաբերյալ կարևոր դրույթներ, պարունակում է կետեր, որոնք վիրավորում են վետերաններին և երկրի ռազմական պատմությունը, հակասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մեջ առաջնային դիրք ապահովելու վարչակազմի ջանքերին, ինչը նվեր է Չինաստանին և Ռուսաստանին»։

Ինչպես և սպասվում էր, Թրամփը նախագիծը քննադատել է առավելապես այն պատճառով, որ Կոնգրեսը չի չեղարկել 1996 թվականի հաղորդակցությունների էթիկայի մասին օրենքի 230-րդ դրույթը, որը տեխնոլոգիական ընկերություններին պաշտպանում է օգտատիրոջ գրառումները տեղադրելու, հեռացնելու կամ փոփոխելու համար դատական հայցերից:

«Դա նպաստում է համացանցում օտարերկրյա ապատեղեկատվության տարածմանը, ինչը լուրջ սպառնալիք է Ազգային անվտանգության համար։ Այն պետք է չեղյալ հայտարարվի»,- ասել է Թրամփը։

Փաստաթղթի արգելափակման մեկ այլ պատճառ է դարձել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի (1861-1865 թվականներ) Ամերիկայի համադաշնային նահանգների գործիչների անունները կրող ռազմական օբյեկտների պարտադիր անվանափոխման մասին դրույթը։

Թրամփին նաև չեն գոհացրել այն կետերը, որոնք վերաբերում են Աֆղանստանում, Կորեայի Հանրապետությունում և Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման սահմանափակումներին:

«Բազմաթիվ դրույթներ ուղղակիորեն հակասում են իմ վարչակազմի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ զինծառայողներին տուն վերադարձնելու ջանքերին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: