Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքը  

21:01 • 24.12.20

Կորոնավիրուսի նոր տեսակով վարակման առաջին դեպքն է գրանցվել Գերմանիայում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին, վիրուսը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ժամանած կնոջ մոտ:

Նա թեստ է հանձնել Ֆրանկֆուրտի օդանավակայանում, որի պատասխանը դրական է եղել: Նշվում է, որ նա Գերմանիա է ժամանել այցելելու Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողում բնակվող բարեկամներին: Թեստ հանձնելուց հետո կինն ինքնամեկուսացման մեջ է գտնվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի փոփոխված տեսակ են հայտնաբերել, որով կարող է պայմանավորված լինել վիրուսի արագ տարածումը երկրի ողջ տարածքում:

Մեծ Բրիտանիայում, վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 149 551-ի, որից 69051-ը՝ մահվան ելքով:

Գերմանիայում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 602208 դեպ, մահացության՝ 29 402: