Լիբանանում սպանել են Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքները պատկերած լուսանկարչին
Լուսանկարիչ Ջոզեֆ Բաջանին, որը լուսանկարել էր Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքները, երկուշաբթի օրը գնդակահարվել է Կախխալյա բնակավայրում` անհայտ անձանց կողմից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստաընկերությանը:
Նախնական տվյալներով՝ մարդասպանները երկուսն են եղել: Նրանք մեքենայով մոտեցել են լուսանկարչին այն պահին, երբ նա նստում էր իր մեքենան և գնդակահարել են նրան:
Բաջանիի հարազատ Քիմաթիա բնակավայրի ղեկավարությունը կոչ է արել երկրի անվտանգության ծառայություններին անհապաղ որոնողական աշխատանքներ իրականացնել և ձերբակալել լուսանկարչի սպանությանը ներգրավված բոլոր անձանց:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել էր նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:










