Ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, Կառավարության մոտից բերման ենթարկեց քաղաքացիների (տեսանյութ)

10:30 • 24.12.20

12:00

Այժմ քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան։ Այդ քաղաքացիներից «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, դիմելով այն վարորդներին, որոնք դժգոհում էին փակ փողոցից, ասաց․ «Եթե դուք հանդուրժում եք, որ Սյունիքի մի մասը տրամադրվի թշնամի Ադրբեջանին, ապա կհանդուրժեք նաև այս դավաճանին։ Մենք ո՛չ այս դավաճանին ենք հանդուրժում, ո՛չ էլ հանդուրժելու ենք թշնամու արարքները»:

Հարությունյանը նշեց՝ Փաշինյանը իշխանությունը պահում է ուժային կառույցների, դատական համակարգի միջոցով։ «Պարոնայք ոստիկաններ, չխոչընդոտեք մեր խաղաղ քաղաքացիական ակցիան»։

Քաղաքացիների մյուս մասը շարունակում է շրջափակած պահել Կառավարության մուտքերից մեկը։

Այժմ Տիգրան Մեծ պողոտայում լարված իրավիճակ է։ Ոստիկանները փորձում են ազատել փողոցը՝ հրելով այն փակած քաղաքացիներին։ Նրանք բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։

Քաղաքացիները ձնագնդիներով հարվածում են կառավարական ավտոմեքենաներին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ նրանց։ 

11:20

Քաղաքացիները շարունակում են փակ պահել Կառավարության մուտքը։ Դիտարկմանը, թե նրանք Կառավարության մոտ էին՝ թույլ չտալու, որ Կառավարության նիստը կայանա, սակայն այն մեկնարկել է, և բոլոր նախարարները ներկա են, ակցիայի մասնակիցներից ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը արձագանքեց․

«Եթե կառավարության նիստը մեկնարկել է, ուրեմն՝ նիստից չեն կարողանա դուրս գալ։ Այստեղ կանենք մեզնից կախված ամեն ինչ, որ այս ազգակործան կառավարության գործունեությունը խոչընդոտենք։ Իրենց ամեն որոշումը, ամեն ժամ ավել պաշտոնավարելը հակասում է ՀՀ շահերին, ուստի խոչընդոտելու ենք այն գործունեությունը, որը խաթարում է այս ժողովրդի զարգացումն ու սպառնում է մեր անվտանգությանը»,-ասաց նա։

Վարդանյանը դիմեց նաև ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներին՝ ասելով, թե նրանք Կառավարության մուտքերը շրջափակած քաղաքացիների աչքերի մեջ չեն կարող նայել։

«Դուք ստանալու եք երևի ամենադաժան պատիժը։ Ժողովրդի արդար զայրույթն ամբողջությամբ կոտրվելու է ձեր գլխին, որովհետև, ի տարբերություն ձեզ, ձեր առաձնորդը փախչելու է կամ գուցե ունի պայմանավորավածություններ։ Դուք եք, որ չեք հասցնելու որևէ բան անել, ու պատասխան եք տալու հայ ժողովրդի առաջ»,-ասաց նա։

11։08

Այս պահին Կառավարության մուտքերից մեկի մոտ ոստիկանական պատ է, որի դիմաց էլ իրենց հերթին պատ են կազմել քաղաքացիները՝ թույլ չտալու, որ աշխատակիցները մուտք գործեն Կառավարության շենք։

Կառավարության մի աշխատակից փորձեց ներս մտնել շենք, սակայն  ցուցարարները թույլ չտվեցին։ «Ամոթ, ով աշխատում է Նիկոլի մոտ»,-վանկարկեցին քաղաքացիները։

Քաղաքացիները նշում են, թե շարունակելու են փակ պահել Կառավարության մուտքը։

9։47

Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր նախատեսել էին շրջափակել  Կառավարության շենքը՝ թույլ չտալու, որ կառավարության նիստ տեղի ունենա։ Սակայն ոստիկանությունը տարբեր կողմերից շրջափակել է շենքը։

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։