Արցախի հարցը Փաշինյանի համար այլևս լուծված է, հողատուն իր խնդիրը կատարել է, բայց չի գնում, քանի որ կիսով չափ է կատարել, պետք է բզկտի Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի սահմանները․ Գեղամ Մանուկյան

14:55 • 24.12.20

Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի համար այլևս լուծված է, Արցախը հանձնել է, հողատուն իր խնդիրը կատարել է, բայց չի գնում, որովհետև կիսով չափ է կատարել, եկել է բզկտելու Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի սահմանները։ Այս մասին Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց՝ ակցիաները շարունակվելու են այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի դրել իր լիազորությունները, նա, Մանուկյանի խոսքով, պետք է հասկանա՝ տեղ չունի հայոց երկրում։

«Այստեղ հավաքված մարդիկ չեն ուզում, որ այս երկիրը 2021 թվական ոտք դնի այս բեռով, այս դավաճանով։ Եթե նրան դեն նետենք, այլևս հողատու, դավաճան ղեկավար չենք ունենա, որովհետև բոլորը կվախենան դեն նետվելուց։ Մեր հանրահավաքը շարունակվելու է, մենք իրավունք չունենք դադար առնելու»,-ասաց նա։

Նա նշեց, թե 5 ժամ Կառավարության շենքը շրջափակված է եղել, բոլոր մուտքերը շրջափակված են եղել։ «Վարչապետն ու նախարարները վաղ առավոտյան էին եկել, որ չտեսնեին իրենց հայրենակիցների աչքերը, որովհետև դրանցում հողատուի նկատմամբ ատելություն կա, որովհետև հողից այն կողմ բան չկա։ Չթողեցինք, որ որևէ մեկը դուրս գա, փորձեցին ոստիկանական ուժով ելումուտ անել, մեծ մասը չկարողացավ դուրս գալ։ Այս մի քանի ժամվա ընթացքում մի քանի տասնյակ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, իմ որդին էլ է նրանց մեջ։ Հպարտ եմ, ամեն մեկը հպարտ է իր զավակով, ով հողատուին դեմ է եղել»,-ասաց նա, այնուհետև դիմեց Կառավարությունը շրջափակած ոստիկաններին․

«Եթե Փաշինյանը մնաց, ասելու են՝ Ճամբարակում խնդիր ունենք, Ջերմուկում խնդիր ունենք, Գեղարքունիքում սահմանային խնդիր ունենք։ Այս հողատուն մետր-մետր տալիս է, բայց միայն ինքը հողատու չէ, դուք էլ եք հողատու, ձեր թոռները ձեզ ասելու են՝ նա էր հողատու, բա հողատուին ինչո՞ւ էիք պաշտպանում։ Մտածում ենք այնպես անել, որ ընդհարում չլինի, բայց մտածում եմ՝ ինչու՞, չէ՞ որ դուք եք հողատուին պաշտպանողը։ Ինձ համար բոլորդ հողատու եք, դավաճան եք։ Տղերք, կանգ առեք, խնդրում եմ։ Գիտեմ, որ ամենքդ սրտի խորքում համաձայն է հետս, մի անգամ ասեք՝ վերջ»,-հայտարարեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ թեև բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել, սակայն իշխանությունն ու բերման ենթարկողները չեն հասկանում, թե դա ոչինչ չի փոխելու։ «Մի քանի ժամ ոստիկանությունում անցկացնելով՝ իրենց կյանքում բան չի փոխվելու, որովհետև իրենց համար կյանքը հայրենիքն է։ Հայրենիքի համար կռվել են, հիմա հայրենիքի համար ցույց են անում»,-ասաց նա։

Մանուկյանը հայտարարեց նաև, որ երթով շարժվում են դեպի Դատախազություն, այնուհետև վերադառնալու են Հանրապետության հրապարակ՝ շարունակելու նստացույցը։