Ղարաբաղյան պատերազմի ավարտը տնտեսական օգուտ կբերի Իրանին. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների կարգավորումը տնտեսական բարենպաստ ազդեցություն կունենա Իրանում բնակվող մարդկանց համար:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, ելույթ ունենալով կառավարությունում՝ Ռոհանին հայտարարել է, որ տարաձայնությունների կարգավորումն օգտակար էր որոշակի տնտեսական գործողություններ իրականացնելու համար:
«Առաջինը Խոդաֆերինի ջրամբարի մասին համաձայնագիրն էր, որի շնորհիվ կկարողանանք էլեկտրականություն և ջուր ստանալ: Այդ ջրամբարի օգնությամբ կարող են 120 000 հեկտար տարածք ոռոգել»,- ասել է իրանցի նախագահը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արքադանյանը հայտնել էր, որ համաձայնության է եկել ադրբեջանական կողմի հետ Արաքս գետում գտնվող վերոնշյալ ջրամբարի վրա էլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ:










