ՆԱՏՕ-ի նավերը զգալիորեն ակտիվացել են ՌԴ սահմանների մոտ. ՌԴ ԶՈՒ ԳՇ
Ռուս փորձագետները Սև, Բալթյան և Բարենցի ծովերում ՆԱՏՕ-ի ռազմանավերի այցելությունների քանակի բազմակի աճ են նկատել: Այս մասին արտասահմանյան կցորդների համար նախատեսված ճեպազրույցում ասել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ՝ նա մանրամասնել է, որ ԱՄՆ ռազմավարական ավիացիայի թռիչքների քանակը ևս շատացել է: Միևնույն ժամանակ Գերասիմովն ուշադրություն է հրավիրել «ռուսական սահմանների մոտ սադրիչ գործողությունների ակտիվացման վրա»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի՝ Բունդեսվերի գեներալ, Վիսբադենում ԱՄՆ բանակի շտաբի պետ Ջարեդ Զեմբրիցկին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հիմնական սպառնալիքն է:
«Ռուսական սպառնալիքն իրական է», - ասել է Զեմբրիցկին:
Նա հավելել է, որ Ռուսաստանը «զենք է աճեցնում» և ակտիվորեն արդիականացնում է բանակը:
Բացի այդ՝ Զեմբրիցկին այն կարծիքին է, որ «որոշակի առումներով» Ռուսաստանին կարելի է նույնիսկ համարել գլխավոր սպառնալիք:
Ըստ Զեմբիցկիի՝ Լեհաստանում և Բալթյան երեք երկրներում առկա են ՆԱՏՕ-ի մարտական խմբեր` «ռուսական սպառնալիքին դիմակայելու համար»:
Նա նաև ասել է, որ ահաբեկչությունն առավելապես սպառնալիք է յուրաքանչյուր անհատի համար, բայց «զինվորականները չեն կարող դրան դիմակայել»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի գեներալ Մարկ Միլլին շեշտել էր ռուս զինվորականների ունակություններն ու պրոֆեսիոնալիզմը:
Նա նաև Ռուսաստանին անվանել էր «հզորագույն տերություն»՝ իր հնարավորությունների և հանձնարարված խնդիրները կատարելու ունակության համար:










