Հրապարակվել է Իրանի հետ լարվածության ֆոնին ամերիկյան միջուկային սուզանավի՝ Հորմուզի նեղուցով անցման տեսանյութը
Երկուշաբթի օրն ամերիկյան USS Georgia միջուկային սուզանավն, այլ ռազմական նավերի ուղեկցությամբ, հատել է Հորմուզի նեղուցը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, որ սուզանավը՝ հրթիռային հածանավերի ուղեկցությամբ, ուղևորվում է դեպի Պարսից ծոց՝ Բահրեյնի 5-րդ նավատորմի հենակետը լքելուց հետո:
Սուզանավը կարող է տեղափոխել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռներ և տեղավորել հատուկ գործողություններ իրականացնող շուրջ 66 հոգանոց անձնակազմի:
Սուզանավի անցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Ֆրենկ Մըքքենզին ասել է, որ իր երկիրը պատրաստ է պատասխանել, եթե Իրանը հարձակում կազմակերպի ԱՄՆ-ի դեմ՝ իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ:
Ի պատասխան, Իրանը նախազգուշացրել էր, որ պատրաստ է ցանկացած սադրանքի, և որ իրենք ուշադիր հետևել են ԱՄՆ-ի սուզանավին այն ժամանակ, երբ այն ճանապարհորդում էր Հորմուզի նեղուցով՝ Իսլամական Հանրապետության տարածքային ջրերի մոտակայքում:










