Իսրայելը, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին
Իսրայելի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան նոր հարվածներ են հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին՝ թիրախ դարձնելով տարածքներ, որոնք նախկինում բազմիցս խոցել են, հայնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Ըստ Տարտուսի նահանգապետարանի աղբյուրի՝ Սիրիայի հակաօդային պաշտպանությունն ակտիվացել է հինգշաբթի երեկոյան, երբ Լիբանանի օդային տարածքի վրայով թռչող իսրայելական ռազմական ինքնաթիռից մի քանի հրթիռ է արձակվել:
Աղբյուրը մանրամասնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը մի քանի հրթիռ է արձակել Համայի Մասյաֆ շրջանի գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ՝ առաջացնելով մի շարք պայթյուններ:
Նա նշել է, որ մինչ Սիրիայի արաբական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կարողացել են վնասազերծել թշնամու հրթիռները, արկերից մի քանիսն, այնուամենայնիվ, հասցրել են խոցել նպատակադրված թիրախները, որի հետևանքով գիտական հետազոտական հաստատությանը նյութական վնաս է հասցվել:
Ինչպես երևում է Սիրիայի արաբական լրատվական գործակալության (SANA) կողմից ստորև ներկայացված կադրերում, սիրիական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել իսրայելական հրթիռների մի մասը:
Վերջին երկու տարում Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու անգամ թիրախավորել են Մասյաֆի գիտահետազոտական հաստատությունը և երկու հարձակումներն էլ իրականացվել են Լիբանանի օդային տարածքից:
Լիբանանում հակաօդային պաշտպանության ուժեղ հարթակների բացակայության պատճառով, Իսրայելի ռազմաօդային ուժերն իրենց կամքն են պարտադրում Լիբանանի օդում՝ հակառակ Բեյրութի բազմիցս հնչած առարկություններին՝ Թել Ավիվի խախտումների վերաբերյալ:










