ՊՆ գեներալները, որոնց հետ կապ էինք պահում, նրանք էլ տեղյակ չէին, որ պետք է դիրքեր զիջենք. Կապանի համայնքապետ
«Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո մնացել ենք նույն դիրքերում թշնամին էլ է մնացել նույն դիրքերում, ավելացնեմ, որ համաձայնագրի ստորագրումից հետո թշնամու կողմից որևիցե ագրեսիվ վարքագիծ չի նկատվել, տպավորություն էր՝ ինքն էլ ինչ-որ բանի է սպասում: Այս մասին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին համաձայնագրի մեջ այդ տարածքները զիջելու վերաբերյալ ոչինչ չկար: Մեզ տեղեկացրին, որ դրա հետ կապված լինելու են բանակցություններ, առիթ ընձեռվեց մամուլում բարձրաձայնել, եթե լինեն բանակցություններ, անպայման հաշվի առնեն նաև մեր կարծիքները, մեզ հետ քննարկումներ անեն, սակայն որևիցե անգամ մեզ հետ կապ չեն հաստատել, որ քննարկումներ անեն և մեր կարծիքները լսեն: Մենք ակտիվ աշխատում էինք ՊՆ-ի հետ, կարող եմ վստահ ասել, որ այն գեներալները, որոնց հետ մենք կապ էինք պահում, նրանք էլ տեղյակ չէին, որ պետք է դիրքեր զիջենք»,- նշեց նա:
Փարսյանի խոսքով՝ համայնքի ղեկավարների հետ միասին պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է,որ իրենց հետ բանակցություններ և քննարկումներ չեն եղել, բայց հրաման է իջեցվել, որ այդ դիրքերը պետք է զիջեն։
«Ես Նախարարին նշեցի, որ մենք դեմ ենք այդ դիրքերը զիջելուն, քանի որ այն անվտանգության խնդիր է առաջացնելու, սակայն նախարարը պատասխանեց՝ համաձայնությունը եղել ի սկզբանե: Եթե այս համաձայնությունը եղել է ի սկզբանե, ինչի՞ մեզ տեղյակ չեն պահել, մենք նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կառուցել, մենք ամրացել ենք այդ տարածքի վրա: Ես հարցրեցի նախարարին՝ արդյո՞ք հնարավոր չէ նոր բանակցություններ վարել, որ պահպանենք այդ դիրքերը, ասեց՝ չէ, բացառվում է, մեզ ոչինչ չէր մնում, քան այդ դիքերը զիջեինք»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը Կապանի համայնքապետից հետաքրքրվեց՝ հայտնի էր, որ վերակառուցվում էր Տաթև-Աղվան ճանապարհը, հնարավոր է արագ կառուցել, այն ճանապարհը, ինչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ, համայնքապետը պատասխանեց.
«Տաթև-Աղվան ճանապարհը ճանապարհի 12 կմ հատված կառուցվել է արդեն, բայց կա կառուցելու ևս 17 ու կես կմ հատված, բայց լուրջ խնդիր կա Կապան-Շինուհայր տանող ճանապարհը մեծ բեռնատար մեքենաների համար անհարմար է, անհարմար է Տաթևից մինչև Սատանի կամուրջ հատվածը, քանի որ այնտեղ ոլորանները կտրուկ են և ճանապարհը նեղ է՝ մարդատարների համար կարող է հարմար լինել, բայց բեռնատարների համար՝ ոչ: Այդ պատճառով մեր համար կենսական նշանակություն ունեցող երկու մայրուղին պետք է պահպանվի, և եթե բանակցությունների ընթացքում խնդիրներ առաջանան, ապա անհրաժեշտություն կա այդ խնդրահարույց հատվածները շրջանցել և պահել այդ երկու մայրուղին»:










