Ռուսաստանն ի օգնություն ԼՂ-ի 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե կատարվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկի կամավոր ներդրում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցառումներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
ԱԳՆ-ում մանրամասնել են, որ Մոսկվան լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ:
«Մենք պատրաստ ենք հետագա փոխգործակցության Կոմիտեի հետ և ակնկալում ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել իր մանդատի տակ գտնվող տարածքներում», - հավելել են նախարարությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










