«Աստված մեզ մի փոքր խղճացել է». Լուկաշենկոն՝ Բելառուսում կորոնավիրուսի տարածման մասին

15:51 • 25.12.20

Բելառուսի համար հիմնական խնդիրը քաղաքացիների առողջության պահպանումն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է EurAsia Daily-ն:

Բելառուսի ղեկավարի խոսքով` ինքը սովոր է անընդհատ իրադարձությունների կիզակետում լինել:

«Սա շուրջ քառորդ դար իմ աշխատաոճն է: Բերքահավաք, ցանք՝ ես գյուղացիների հետ եմ, արդյունաբերական գոտում խնդիրներ՝ ես այնտեղ եմ, ինչ-որ բան պետք է վաճառեմ՝ ես արտերկրում եմ: Եվ այսպես շարունակ», - ասել է նա Մինսկի քաղաքային մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում:

Միաժամանակ նա նշել է, որ «այսօր Բելառուսի ամենամեծ խնդիրը ժողովրդի հիվանդությունն է, ինչպես ամբողջ աշխարհում»:

«Փառք Աստծո, և ես չեմ հոգնի դա կրկնել: Նա դեռ մի փոքր խղճացել և խղճում է մեզ», - շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Այս կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոն ստուգումներ է անցկացնում հանրապետությունում գործող առողջապահական կազմակերպություններում:

Նրա կարծիքով, հանրապետությունը հաջողությամբ հաղթահարում է կորոնավիրուսային համավարակը: Միաժամանակ, Բելառուսի ղեկավարն այն համոզմանն է, որ երկիրը պետք է հնարավորինս շուտ պատվաստի բնակչությանը: Ըստ Լուկաշենկոյի՝ երկիրը նախատեսում է պատվաստման համար օգտագործել տարբեր արտադրողների 5-6 պատվաստանյութ: Առաջին հերթին նրանք երկրում կսկսեն պատվաստել ռուսական պատվաստանյութով, որը Բելառուսը նախատեսում է գնել, ինչպես նաև պատվաստանյութ արտադրել սեփական ձեռնարկություններում: Բացի այդ՝ հնարավորություն կտրվի նաև պատվաստվել այլ երկրներից ներմուծված պատվաստանյութերով: