Իրանի ՀՕՊ ուժերը բերվել են պատրաստության բարձր աստիճանի՝ ԱՄՆ-ի կողմից նախքան Թրամփի հեռանալը հրթիռային հնարավոր հարվածներից պաշտպանվելու նպատակով. Al Qabas

04:58 • 25.12.20

Իրանն ուժեղացրել է միջուկային օբյեկտները պաշտպանող ՀՕՊ համակարգերը, քանի որ մտավախություն կա, որ նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալը Դոնալդ Թրամփը կարող է հրթիռային հարվածներ հասցնելու հրաման տալ, հաղորդում է ТАСС-ը:

«Նախազգուշական միջոցառումներ ձեռնարկվում են ռազմանական ցանկացած հանկարծակի զարգացումներ սպասելու պատճառով, որոնք ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության պայմաններում կարող են տեղի ունենալ նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնից Թրամփի հեռանալը: Միջուկային օբյեկտների պաշտպանությունն իրականացվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի զենիթային համակարգերի և ռադիոտեղորոշման կայանների միջոցով»,- նշված է քուվեյթական Al Qabas թերթի իրանական աղբյուրների հաղորդած տեղեկություններում:

Ըստ թերթի իրանական աղբյուրների տվյալների՝ մոբիլիզացվել է Իրանի հակաօդային պաշտպանության ողջ ներուժը՝ կանխելու համար ամերիկյան հնարավոր հարվածները, որոնց գլխավոր նպատակը լինելու է Իրանի միջուկային ծրագրի համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներում ուրանի հարստացման գործընթացը կասեցնելը:

Իրանական աղբյուրներն, ըստ հրապարակման, հաստատել են նաև տեղեկությունները, որ Իրանի ՀՕՊ ուժերը բարձր պատրաստվածության են բերվել նաև Իսֆահան նահանգում՝ Նաթանզեում, որտեղ տեղակայված է ուրանի հարստացման գործարան: