ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման համար պետբյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել

04:33 • 25.12.20

Ռուսաստանի կառավարությունը պետբյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել պաշտպանության նախարարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման նպատակով, հաղորդում է ТАСС-ը:

Հատկացված լրացուցիչ միջոցները նախատեսված են խաղաղապահ զորախմբի վերազինման համար:

«Բացի այդ, նախատեսված է լրացուցիչ վճարումներ կատարել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմին»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան:

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակիջա գեներալ Վալերիյ Գերասիմովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում նպաստել են հումանիտար աղետի կանխմանը, հայտնել նաև, որ Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջապես գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մինչև այժմ ավելի քան 44 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։