Մարտակերտի շրջանի ղեկավարի մասին Սամվել Բաբայանի ասածներն անհիմն են և ամբողջովին սխալ. նա սխալ է տեղեկացված եղել. Մարտակերտի բնակիչ
Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Սամվել Բաբայանը ասել է, թե Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարը չի թողել, որ իր շրջանի ժողովուրդը գնա դիրքեր, դա ամբողջովին սխալ է, Բաբայանը սխալ է տեղեկացված եղել, հետևաբար, արված հայտարարություններն անհիմն են: Tert.am-ին այս մասին փոխանցեց պատերազմի մասնակից, Մարտակերտի շրջանի բնակիչ Արտաշես Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ Մարտակերտից և մնացյալ շրջաններից պիտի 12 հոգանոց խումբ տրամադրվեր՝ Շուշին պաշտպանելու օպերացիային մասնակցելու համար, սակայն Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը հանդիպման է գնացել Վանք գյուղում, հարց բարձրացրել, թե իրենք ուզում են իրենց տարածքի պաշտպանությանը մասնակցել, չեն կարող այլ տարածք գնալ:
«Այսինքն, ո՞վ է վարչակազմի շրջանի ղեկավարը և ի՞նչ գործ ուներ, որ այդ հանդիպմանն էր մասնակցում: Ասել է, որ նախագահի հետ էլ կհանդիպի, հետո պարզվում է, որ այդ մարդը լիազորված է եղել ղեկավարության կողմից: Չգիտեմ, թող՝ քննություն վարեն, պարզեն, թե էդ մարդիկ ինչ դեր են խաղացել և նման վիճակ են ստեղծել»,-ասել էր Բաբայանը:
Մարտակերտի բնակչի խոսքով՝ Բաբայանն առաջին հերթին սխալ է տեղեկացված եղել. շրջանի ղեկավարը չի ասել՝ նստեք, սպասեք, ես կհամաձայնեցնեմ:
«Հանդիպման ժամանակ դահլիճում ներկա էր շրջանի ոստիկանության պետը, շրջանի ռազմական ոստիկանության պետը, պարետային ծառայության պատասխանատուն: Գումարտակի ձևավորման պահին աշխարհազորին տեղեկացվել է, որ իրենք ծառայությունը տանելու են իրենց տեղանքում (շրջանում), այնուհետև գումարտակի ոչ փաստացի ղեկավարները փորձել են նրանց տեղափոխել շրջանից դուրս, և այս պատճառով առաջացել են անհամաձայնություններ, շրջանի ղեկավարը մեկնել է Վանք գյուղ՝ ծանոթանալու իրավիճակին: Իրավիճակին ծանոթանալով՝ աշխարհազորին բացատրել է դրությունը, որից հետո պատրաստվել են մեկնել ռազմաճակատ ու հենց նույն գիշեր էլ մեկնել են: Բաբայանը ժողովին չի էլ եղել, ցանկացած տեղեկություն նրան խեղաթյուրված ու սխալ է հասել»,-պատմեց նա:
Վերջինիս պնդմամբ՝ Սամվել Բաբայանն ավելի է խուսափել պատերազմին մասնակցելուց և այն հայտարարությունները, որոնք նա է հնչեցնում, որևէ աղերս չունեն իրականության հետ: «Մենք կարող ենք փաստերով էլ խոսել: Այն գումարտակը, որը ձևավորվում էր Սամվել Բաբայանի և իր կողմնակիցների կողմից, խանգարել է մարտական գործողություններին, աշխահազորին: Բոլորս էլ գիտենք, թե Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, Լևոն Հայրապետյանի կաբինետում Բաբայանն ու մյուսներն ինչով էին զբաղված: Եվ ի տարբերություն նրանց՝ նույն շրջանի ղեկավարն արել է ամեն հնարավոր բան, որպեսզի ապահովի շրջանի բնակչության անվտանգությունը՝ սկսած խաղաղ բնակչության տարհանումից, մինչև ռազմական գործողություններին մասնակցելը»:
Պատերազմի մասնակցի խոսքով՝ Բաբայանի հայտարարություններից հասկացվում է, թե մարտակերտցիները «թռած են եղել կռվից», բայց ըստ նրա՝ հակառակը և ճշմարտությունը հեշտ ապացուցելի է. ամենաշատ կռիվ տված շրջաններից մեկը Մարտակերտի շրջանն է:










