Արտակարգ դատարանների ստեղծումը քաղաքական որոշում է․ իշխանության նպատակն է՝ ունենալ խամաճիկ դատավորներ. Միհրան Պողոսյանը՝ ԱՆ նոր նախագծի մասին

13:28 • 25.12.20

Բոլոր պետական մարմինները գործադիր իշխանության շրջանակներում դարձել են Նիկոլ Փաշինյանի գերին, նրա քմահաճույքները կատարողները, բացառություն չէ նաև Արդարադատության նախարարությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից նոր շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին:

«Բոլորի համար ակնհայտ է, որ խոսքն արտակարգ դատարանների ստեղծման մասին է, որն արգելված է գրեթե բոլոր երկրների օրենսդրությամբ: Ինչո՞ւ արտակարգ դատարան դրա հենց կլասիկ իմաստով. մենք ընդամենը երկու շաբաթ առաջ ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի կողմից դատավորների, քննչական մարմիների ղեկավարների, գլխավոր դատախազի հանդիպմանը, որում կոնկրետ գործադիր իշխանության ղեկավարի հաստիքը զբաղեցնող անձը խոսում էր, կոնկրետ քրեական գործով իրականացվող գործողությունների, այդ թվում նաև դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու մասին»,- ասաց նա:

Ըստ Պողոսյանի՝ երևի բացատրել են, որ դատական համակարգը չնայած երկրում տեղի ունեցող կատակլիզմները շարունկում է գործել օրենքի հիման վրա՝ հիմք ընդունելով օրենքը և Սահմանադրությունը: «Ու ի՞նչ է տեղի ունենում, ընդամենը երկու շաբաթ հետո շրջանառվում է նախագիծ, որով փորձում են ստանալ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորներ, որոնք պատրաստակամ կլինեն նման կազմակերպվող հանդիպումներին գնալ, պատրաստակամ կլինեն Նիկոլ Փաշինյանի կողմից կալանավորման որոշման կայացման դեմ բողոքի դեպքում կնիքել քննչական մարմինների կալանավորման որոշումները ու դրանից մենք չենք ունենա ընդհանրապես արդարադատության ոլորտ»,- ասաց նա:

Միհրան Պողոսյանն ընդգծեց՝ այս իշխանությունը չի հասկանում, որ արդարադատության ոլորտը իշխանության կրողներից մեկն է և պետք է շատ զգույշ լինել արդարադտության ոլորտի հետ:

«Ժամանակը ցույց տվեց, որ մեր երկրում քիչ թե շատ կայացած կառույցը դատական իշխանությունն է ընդհանրապես, որովհետև կատակլիզմների ժամանակ չտրվեցին որևէ քաղաքական հրահանգների, իսկ այդ քաղաքական հրահանգներն ակնհայտ էին: Քիչ-քիչ այն դատավորներն էլ, որոնք հանդիսանում էին խամաճիկներ, հասկացան՝ իրենք բարձր պաշտոն են զբաղեցնում ու այդ պարագայում իրենք էլ օբյետկիվ որոշումներ սկսեցին կայացնել»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ այս նախագիծն ընդհանրապես իրավաբանության հետ կապ չունի. «Սա քաղաքական որոշում է, որ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, իր օծանելիքը հափշտակած անձին կալանավորելու համար ունենա սեփական օգտագործման դատավորներ, այս կեղծ օրակագարերը, որ բերվում են՝ առաջին անգամ չէ: Նույն կեղծ օրակարգեր էին Սահամանադրական դատարանի ճգնաժամը, դատավորներն այսպիսին են, այնպիսին են, բերվեց մեկ տարի առաջ ու նպատակը ակնհայտ էր, այսինքն՝ գործողությունների առումով որևէ նորություն չկա, խամաճիկների կառավարություն է, որտեղ գործադիր իշխանությունն զբաղված է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելով»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, թե նախագծում նշված է, որ կունենանք սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, խոսքը կոռուպցիայի, խուզարկության և այլնին է վերաբերում, և հարցին ի՞նչ կարգով պետք է ընտրվեն դատավորները, նա ասաց. «Կարգը միայն մեկն է՝ թուլամորթ անձինք, ովքեր պատրաստ են դատավորի կնիք դնել գործող իշխանության կողմից առաջարկվող ցանկացած որոշման վրա»:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ դատական օրենսգրքում: Նախագծով ներդրվելու է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։ Նախատեսվում է նաև ունենալ սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, որոնք կքննեն նշված գործերը, ինչը մի կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։