Կառավարությունն ու վարչապետը պետք է հրաժարական տան, շատ խնդիրների լուծումն այդպես ենք տեսնում․ նա Սյունիքի հետ կապված հույսերը չի արդարացրել․ Կապանի համայնքապետ
Մեր դիրքորոշումն այն է, որ Կառավարությունն ու վարչապետը պետք է հրաժարական տան։ Շատ խնդիրների լուծումն այդպես ենք տեսնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
«Այս իշխանությունն իրեն արդեն սպառել է, հեղինակություն չունի թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ որպես բանակցային կողմ։ Մեզ պետք են նոր իշխանություններ՝ նոր վարչապետով»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի օրը ճանապարհները փակելուն, Փարսյանն ասաց, թե այդ կերպ փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ցույց տալով, որ Փաշինյանը Սյունիքի հետ կապված հույսերը չի արդարացրել։
«Իհարկե, կան Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ, բայց իմ կարծիքով՝ այսօրվա դրությամբ իրենք մեծ մաս չեն կազմում»,-նշեց նա։
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝ Փարսյանն ասաց, որ քաղաքացիների մոտ լարված, անհանգիստ վիճակ է, քանի որ տիրում է անորոշություն, մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում։
«Ունենք երեք ուղղություններ, որոնք խնդրահարույց են՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ հատվածները։ Առաջին երկու ճանապարհները գործում են, երթևեկությունն ազատ է, բայց Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջությամբ անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, և մենք ստիպված ենք օգտագործել այլընտրանքային ճանապարհը, որը գտնվում է շատ անմխիթար վիճակում, հիմա նորոգման կարիք ունի և նախկին ճանապարհից մի քանի անգամ երկար է սպասվում»,-ասաց համայանքապետը։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իշխող ուժի մասնակցությունը գործընթացում, Փարսյանն արձագանքեց, թե իշխանության ներկայացուցիչների ներկայությունը՝ բացառությամբ ՊՆ-ի, և, որոշ չափով, ԱԱԾ-ի, չկա։
«Որևէ դեպք չկա, որ իշխանության ներկայացուցիչները գան և փորձեն բնակիչների հետ հանդիպել, բացատրական աշխատանքներ կատարել կամ թեկուզ մասնակցել GPS-ով կատարվող գործողություններին»,-ասաց նա՝ նշելով, թե Սյունիքի մարզից ընտրված պատգամավորներից իր հետ դեկտեմբերի սկզբից Կապանում է միայն Արմեն Խաչատրյանը, մյուսներից որևէ մեկի հետ կապ չկա։
Նրա խոսքով՝ պետք է լուրջ բանակցություններ վարվեն, լուրջ խումբ պետք է լինի, որ դրական արդյունքներ արձանագրվեն․ «Բայց ո՛չ դրական արդյունքներ ենք տեսնում, ո՛չ լուրջ խումբը»,-նշեց նա։
Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի նշանակմանն ու Փաշինյանի հայտարարությանը, թե Պողոսյանը պետք է կոտրի քրեական տարրերի ողնաշարը, Փարսյանն ասաց, թե դա պարզապես պատճառաբանություն էր՝ «նախկիններից» մեկին պաշտոնի նշանակելու համար։ Ըստ Փարսյանի՝ Պողոսյանը չկարողացավ համակերպվել այս իրականության հետ, դրա համար էլ հրաժարական տվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։
Ինչ վերաբերում է նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին, Փարսյանն ասաց, թե նրա հետ դեռ չեն հասցրել շատ շփվել, բայց իր տեղեկություններով՝ մարզպետը պատերազմի մասնակից է, պարկեշտ անձնավորություն։
Կապանի համայնքապետն անդրադարձավ նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ու Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առնչվող գործերին՝ նշելով, թե դրանք կոնկրետ քաղաքական հետապնդում և քաղաքական պատվեր էին։
«Առուշ Առուշանյանի ձերբակալությունը եղավ նրա հայտարարությունից (Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք այցի օրը ճանապարհները փակելու կոչը - Tert.am) հետ, այն ոչ իրավաչափ համարվելուց հետո էլ կալանավորման միջնորդություն ներկայացվեց։ Փարամազյանի դեպքում էլ նրան 6 ամիս անգամ որպես վկա չէին հրավիրում հարցաքննության, միանգամից տրվեց մեղադրյալի կարգավիճակ, և շինծու փաստերի հիման վրա կալանավորման միջնորդություն ներկայացվեց։ Այս ամենից երևում է, որ սա քաղաքական պատվեր է»,-նշեց նա։
Հարցին էլ՝ մտահոգություն չունի՞, որ իրեն առնչվող գործ ևս կարող է սկսվել, Փարսյանը պատասխանեց․ «Որ անկեղծ ասեմ՝ մի փոքր բան կա, բայց դրանից կարող են սարքել մի մեծ քրեական գործ, այսինքն՝ հիմա ամեն ինչ էլ սպասելի է։ Կապված է Կապանում ներդրումների ապահովման հետ»։










