ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո կրկին բողոքի ակցիաներ են սկսվել (տեսանյութ, լուսանկարներ)
Ամերիկյան Կոլումբուս քաղաքում ոստիկանը կրակել ու սպանել է անզեն սևամորթ տղամարդու, ինչից հետո ոստիկանին աշխատանքից հեռացրել են, իսկ տեղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանին զանգահարել է հարևաններից մեկը, որը հայտնել է ավտոտնակից մեքենայի շարժիչի աղմուկի մասին: Երբ ոստիկանը հասել է դեպքի վայր, տեսել է, որ ավտոտնակներից մեկի մուտքը բաց է:
Այնտեղից նրան ընդառաջ է դուրս եկել մի սևամորթ տղամարդ: Ոստիկանը մի քանի մետր հետ է վազել ու կրակել: Տղամարդը տեղում մահացել է:
Քննության ընթացքում ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից:
Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել են 47-ամյա Անդրե Մորիս Հիլլի սպանության վայրում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, Ֆիլադելֆիայում, ոստիկանությունը գնդակահարել էր դանակով զինված սևամորթ Ուոլթեր Ուոլաս կրտսերին: Այս միջադեպը անկարգությունների պատճառ էր դարձել:
ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են մայիսի վերջին` սևոմարթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:















