Հայտնի է Բեռլինում տեղի ունեցած հրաձգության պատճառը

13:53 • 26.12.20

Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում առայժմ չպարզված անձանց միջև վեճը հանգեցրել է կրակոցների, ընթանում է հետաքննություն, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են տեղի ոստիկանությունից:

«Նախնական տվյալներով՝ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ մարդկանց միջև։ Դրա հետևանքով 4 տղամարդ հրազենային վնասվածքներ է ստացել, նրանք հոսպիտալացվել են։ Նախաքննություն է ընթանում, գործը փոխանցվել է սպանությունների հետաքննության բաժին»,- ասել է գերատեսչության աշխատակիցը։

Նա հավելել է, որ այս գործով պաշտոնապես դեռ ձերբակալվածներ չկան, ոստիկանությունը պարզում է՝ արդյոք հրաձիգը միայնակ է եղել, թե գործել են մի քանի մարդիկ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտյան Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել։

Դեպքի վայրը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակի կողքին է: Այնտեղ ժամանած ոստիկանները որոնում են բախման մասնակիցներին: Որոնողական աշխատանքներին ներգրավված է նաև ուղղաթիռ: