ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին մեղադրել է «այցագրային պատերազմ» սկելու համար
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «այցագրային պատերազմը» նախաձեռնել է Միացյալ Նահանգները, քանի որ Ռուսաստանին պարտադրել է անհատական այցագրային տարբերակման պրակտիկան։ Այս հայտարարությամբ դեսպանատունն արձագանքել է ամերիկյան տեխնիկական մասնագետների մասին The Washington Post-ի հոդվածին, որոնք, թերթի հաղորդմամբ, չեն կարողանում Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչություններ այցելելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալ, գրում է «Կոմերսանտ»-ը։
«Մեկ անգամ ևս ցանկանում ենք հիշեցնել, որ «փակուղու» համար պատասխանատվությունն ամբողջությամբ դրված է ամերիկյան կողմի վրա։ Հենց ԱՄՆ-ն է դարձել այսպես կոչված «այցագրային պատերազմի» նախաձեռնողը, պարտադրել այցագրրեի անձնական փոխանակումների պրակտիկան, երբ ռուսական արտասահմանյան հաստատությունների աշխատակիցները մուտքի թույլտվություն են ստանում միայն ամերիկյան աշխատողներին այցագրերի տրամադրման հետ համատեղ»,-ասված է Facebook-ում դեսպանատան մեկնաբանության մեջ։
Դեսպանատանը հայտարարել են, որ չեն մերժում ամերիկյան ներկայացուցչությունների դիվանագետներին և այլ մասնագետներին այցագրերի տրամադրումը:
«Մենք գործում ենք փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Մեր կողմից ամերիկացի պաշտոնյաներին տրվող այցագրերի քանակը համապատասխանում է ԱՄՆ-ում ռուս աշխատակիցների ստացած այցագրրերի թվին»,- նշվում է մեկնաբանության մեջ։
Ավելի վաղ The Washington Post-ը հաղորդել էր, որ վերելակների և հակահրդեհային ազդանշանային համակարգերի վերանորոգման համար տեխնիկական մասնագետները Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատուն այցելելու համար չեն կարողանում այցագրեր ստանալ։ Պարբերականը նաև հայտնել էր, որ անձնակազմի պակասի պատճառով ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներն իրենք են մաքրում դեսպանատան տարածքում տեղացած ձյունը: Բացի այդ, նյութում ասվում է, որ Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության փակումը և Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքի դադարեցումը պայմանավորված են այցագրային հարցերի շուրջ տարաձայնություններով:










