Պայթյուն ամերիկյան Նեշվիլում. դեպքի վայրում հայտնաբերվել են մարդու մնացորդներ, կան տուժածներ

03:00 • 26.12.20

ԱՄՆ Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլում պայթյուն է որոտացել: Նեշվիլի ոստիկանությունը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ ուրբաթ 06:30-ին՝ Երևանի ժամով 16:30-ին, քաղաքի կենտրոնում ֆուրգոն է պայթել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Associated Press գործակալությանը:

Նշվում է, որ պայթյունի վայրում իրավապահ մարմինները հայտնաբերել են մարդու մնացորդներ: Ավելի վաղ իրավապահները չէին բացառում, որ քաղաքի կենտրոնում պայթած ֆուրգոնում կարող է մարդ լինել: 

Պատահարի հետևանքով 3 մարդ է տուժել, որոնք հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կանխամտածված գործողությունների հետևանքով:

Պայթյունը հանգեցրել է կապի զանգվածային խափանումները, ինչի հետևանքով անջատվել է ոստիկանության արտակարգ օգնության համակարգը: