Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 80 միլիոնը

19:10 • 26.12.20

«Քովիդ-19» կորոնավիրուսով վարակմամբ դեպքերի թիվը ողջ աշխարհում գերազանցել է 80 միլիոնը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Ըստ կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ վարակակիրների թիվը դեկտեմբերի 26-ի դրությամբ հասել է 80,297,707-ի, որից մոտ 22,5 մլն-ը՝ բաժին է ընկնում Եվրոպային: Ասիայի տարածաշրջանում արձանագրված վարակման դեպքերը կազմում են ավելի քան 20 մլն: 22 մլն-ի ցուցանիշը գերազանցել է նաև Հյուսիսային Ամերիկան, իսկ Հարավային Ամերիկան՝ 12 մլն-ի:

Ամենից շատ վարակման դեպքեր գրանցած երկիրը Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 19 մլն-ով: Նրան հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 10 մլն), Բրազիլիան (ավելի քան 7.4 մլն), Ռուսաստանը (ավելի քան 3 մլն), Ֆրանսիան (ավելի քան 2.5 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 2.2 մլն), Թուրքիան (ավելի քան 2.1 մլն) և Իտալիան (ավելի քան 2 մլն):

Վիրուսից մահացության դեպքերը ողջ աշխարհում հասել են 1,759,552-ի: Այս ցուցանիշով առաջատարը կրկին ԱՄՆ-ն է՝ ավելի քան 338,000 դեպով: Նրան հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, որտեղ մահվան դեպքերը գերազանցել են 100 000-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: