Կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակման դեպքեր են արձանագրվել նաև Իսպանիայում և Շվեդիայում

18:25 • 26.12.20

Եվրոպայում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակով վարակման դեպքեր են արձանագրվել Իսպանիայում և Շվեդիայում: El Mundo-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում վիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել առնվազն 4 մարդու մոտ, որոնցից երեքը մեկ ընտանիքի անդամներ են:

Նշվում է, որ նրանք վարակվել են վերջերս Բրիտանիայից վերադարձած բարեկամից: Երկիր ժամանելուն պես երիտասարդը թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, այնուհետև թեստավորվել են նրա հետ շփում ունեցած ընտանիքի անդամները:  

Վարակման մեկ դեպք էլ արձանագրվել է Շվեդիայում. այստեղ ևս վարակակիր է Միացյալ Թագավորությունից վերադարձած անձը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ երկրի առողջապահության վարչության տվյալներով՝ դա «Քովիդ-19»-ի նոր տեսակի հայտնաբերման առաջին դեպքն է:

Հիշեցնենք, որ վիրուսի նոր տեսակի տարածման մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր դեկտեմբերի 14-ին: Հայտնի է, որ այն ավելի արագ է տարածվում, սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:

Վիրուսի «բրիտանական» տեսակով վարակման դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի շարք այլ երկրներում ևս՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, ինչպես նաև Ճապոնիայում: