ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի համաձայն՝ ՀՀ իշխանությունները պետք է ՀԱՊԿ ներկայացնեին ռազմական և ռազմաքաղաքական օգնության մասին հաշվարկներ՝ ՀՀ ԶՈւ մարտունակությունը բարձրացնելու համար. Գոհար Մելոյան

02:44 • 27.12.20

Սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի կողմից ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված գրությունը և կից օպերատիվ հանձնարարականը պարունակում են բազմաթիվ ուշագրավ տեղեկություններ, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Դրանից բխում է, որր դեռևս 2019 թվականից ՀՀ իշխանություններն իմացել են՝

- Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելու,

- Պատերազմում Թուրքիայի ակտիվ մասնակցության,

- Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավելու բարձր հավանականության մասին։

- Ավելին, տեղեկություններ են ստացվել Ադրբեջանի կողմից նոր հարձակվողական տեխնիկա, ամենայն հավանականությամբ թուրքական Bayraktat TB-2 և Իսրայելական Elbit Hermes 900 ձեռք բերելու,

- Շփման գծի ողջ երկայնքով ակտիվ ինժեներատեխնիկական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Սակայն առավել ուշագրավ է օպերատիվ հանձնարակականի V-րդ գլխի 2-րդ կետի «վ» ենթակետը, համաձայն որի՝ ՀՀ պատասխանտու պաշտոնատար անձինք պետք է ՀԱՊԿ-ին ներկայացնեին հաշվարկներ ռազմական և ռազմաքաղաքական օգնության վերաբերյալ՝ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար, ինչի նպատակով օպերատիվ հանձնարարակին կցվել էր համապատասխան հավելված։

Հիմա հարց՝ ստանալով այս նամակը, դեռեւս, սեպտեմբերի 1-ին ՀՀ իշխանություններն ինչ բնույթի ռազմական օգնություն են հայցել ՀԱՊԿ անդամ երկրներից, որը կբարձրացներ ՀՀ զինված ուժերի մարտականությունը՝ կանխելով պատերազմը կամ դրա արդյունքում Հայաստանին և Արցախին հասցված ծանրագույն և անդառնալի կորուստները։

Օպերատիվ հանձնարարականի մյուս ուշագրավ և կարևոր կետերին կփորձեմ մանրամասն անդրադառնալ առաջիկա օրերին»,- գրել է Մելոյանը։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած գաղտնի նամակը, որում նկարագրված է սպասվող պատերազմը: