Ռուս խաղաղապահներն ադրբեջանական մեքենաների 8 շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ  

20:51 • 27.12.20

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ օրում ադրբեջանցի զինվորականներին տեղափոխող 8 շարասյուն են ուղեկցել: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, գերատեսչության տեղեկագրում նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ ավտոմեքենաների շարասյուների անվտանգ անցումն ապահովվել է Լաչինի միջանցքով և Շուշի-Կարմիր շուկա-Քաջար ճանապարհահատվածով:

ՊՆ տվյալներով՝ վերջին մեկ օրում Ղարաբաղ է վերադարձել 491 փախստական:

Ռուս սակրավորները պայթուցիկ սարքերից ազատել են 20.3 հեկտար տարածք, 5 կմ ճանապարհ: Նոյեմբերի 23-ից ի վեր հայտնաբերվել և վնասազերծվել է 12 459 պայթյունավտանգ առարկա:

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հրադադարի ռեժիմը պահանվում է շփման գծի ողջ երկայնքով:  

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: