Այս գործընթացն այլ կերպ, քան քաղաքական հետապնդում, հնարավոր չէ որակել․ Արման Աբովյանը՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու՝ «Իմ քայլը»-ի առաջարկի մասին

14:03 • 28.12.20

Այս գործընթացն այլ կերպ, քան քաղաքական հետապնդում, հնարավոր չէ որակել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որով առաջարկվում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«Եկեք հարց տանք մեզ՝ ո՞ւմ ձեռք չէր տալիս Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարումը։ Ակնհայտորեն, առաջին հերթին մեր մտքին գալիս են իշխանությունները, որովհետև Նաիրա Զոհրաբյանը պատերազմից առաջ և հետո քննադատել է բոլոր բացթողումները, արտահայտել է այն մտքերը, որոնց վերաբերյալ ոչ մի առարկայական հակազդում չի եղել»,- ասաց Աբովյանը։

Նա նշեց, որ Զոհրաբյանի նշված պաշտոնից ազատելուն կողմ կարող էր լինել նաև թուրք-ադրբեջանական տանդեմը։ «Այդ տանդեմին տարիներ ի վեր Զոհրաբյանը եվրոպական կառույցներում «օր ու արև» չի տվել։ Նրա բարձրաձայնած գնահատականները, կատարած գործընթացները այնքան ցավոտ էին ալիևյան ռեժիմին, որ ամեն անգամ, երբ Զոհրաբյանը Եվրոպայում ելույթ էր ունենում, տեսնում էինք, թե ինչ խայտառակ տարափ էր բարձրանում ադրբեջանական, թուրքական ԶԼՄ-ներում»,- նշեց պատգամավորը։

Նրա պնդմամբ՝ տարբեր ՀԿ-ներ այս ամբողջ ընթացքում փորձել են ճնշում գործադրել Զոհրաբյանի վրա, որ վերջինս իր լիազորությունները չարաշահելով՝ օրակարգային դարձնի այդ կազմակերպությունների տեսլականը։

«Մենք միշտ ասել ենք, որ ՀՀ-ում բոլորը հավասար են, բայց դրա հետ մեկտեղ մենք երբեք թույլ չենք տա, որ օրակարգ բերվեն տարատեսակ «ազատական», շինծու օրակարգեր։ Զոհրաբյանն այդ ճնշումներին չի գնացել։ Եթե ուզում ենք հասկանալ քաղաքական հետապնդման հիմնական դրդապատճառները, ապա պետք է պատասխան տանք շատ պարզ հարցի՝ ո՞ւմ է ձեռնտու Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում չլինելը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազորությունները դադարեցնելու առաջարկը ներկայացրել է դեկտեմբերի 25-ին։ ԲՀԿ-ն այսօր հայտարարեց, որ այդ հարցով կդիմի Սահմանադրական դատարան։