ԱՄՆ գլխավոր վարակաբանի կարծիքով՝ կորոնավիրուսի «վատագույն օրերը դեռ առջևում են»
ԱՄՆ-ի վարակիչ և ալերգիկ հիվանդությունների հարցերով կենտրոնի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կորոնավիրուսային համավարակի վատագույն ժամանակներն առջևում են։ Այս մասին նա հայտարարել է CNN-ի հետ հարցազրույցում։
Ըստ վարակաբանի՝ սուրբծննդյան և ամանորյա տոներից հետո սպասվում է կորոնավիրուսի նոր բռնկում:
Ֆաուչիի խոսքով՝ ներկայումս օրական 120 հազար մարդու հոսպիտալացման մակարդակով երկիրը կրիտիկական վիճակում է գտնվում։ Տանը մնալու մասին իշխանությունների և բժիշկների կոչին ոչ բոլորն են ականաջալուր լինում։
Դիտարկմանը, թե ամերիկացիների մոտ ե՞րբ կհայտնվի վիրուսի հանդեպ հավաքական իմունիտետ, բժիշկը պատասխանել է՝ ոչ շուտով։
«Մենք պետք է պատրաստենք մեզ, պետք է մեջքներս «ձիգ պահենք»: Ինչքան էլ ծանր է դա լսել, մեզնից համբերություն, նվիրվածություն և վճռականություն է ակնկալվում վիրուսը հաղթելու համար»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու ավելի քան 19 միլիոն դեպք, որից 341 000-ը՝ մահվան ելքով:










