Լրագրողը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել Ուհան քաղաքից կորոնավիրուսի մասին ուղիղ եթերով ռեպորտաժներ հեռարձակելու համար

11:58 • 28.12.20

Չինաստանում 37-ամյա նախկին փաստաբան և լրագրող Չժան Չժանը կորոնավիրուսի օջախ համարվող Ուհան քաղաքից ուղիղ եթերով ռեպորտաժներ հեռարձակելու համար անցած մայիսին ձերբակալվելուց հետո այժմ 4 տարով ազատազրկման է դատապարտվել: Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը, գրում է The Guardian-ը։

Անցյալ շաբաթ հրապարակված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Չժանը «տեքստային, վիդեո և այլ եղանալներով, ինչպիսիք են՝ WeChat-ը, Twitter-ը և YouTube-ը, կեղծ տեղեկատվություն է տարածել», ինչպես նաև «կորոնավիրուսի բռնկման նախնական քաոսային փուլերում իր ռեպորտաժներով վեճեր և տհաճություններ է հրահրել»։

«Նա նաև ընդունել է արտասահմանյան Free Radio Asia և Epoch Times ԶԼՄ-ների հարցազրույցները և միտումնավոր շահարկել է Ուհանում բռնկված Covid-19-ը»,- ասված է եզրակացության մեջ:

Լրագրողուհու փաստաբանի խոսքով՝ դատավճիռը հայտարարելուց հետո «Չժան ջախջախված տեսք ուներ, իսկ նրա մայրը բարձրաձայն արտասվում էր»։

Նշենք, որ Չժանը բազմիցս քննադատել էր կորոնավիրուսի հարցում իշխանությունները արձագանքը՝ նշելով, որ «նրանք մարդկանց բավարար տեղեկատվություն չեն տալիս հիվանդության մասին»։

«Դա մարդու իրավունքների լուրջ խախտում է»,- հայտարարել էր նա։

Նրա ռեպորտաժները սոցիալական հարթակներում լայնորեն տարածվել էին փետրվարին, ինչը գրավել էր իշխանությունների ուշադրությունը, որոնք արդեն մայիսին ձերբակալել էի նրան։

Նշվում է, որ համանման մեղադրանքներով դեռևս երեք լրագրողներ սպասում են իրենց դատավճիռներին։