175 իրանցի պատգամավոր դատապարտել է ԱՄՆ-ի՝ «Ալ-Մուսթաֆա» միջազգային համալսարանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները
Իրանի Մեջլիսի 175 պատգամավոր հանդես են եկել «Ալ-Մուսթաֆա» միջազգային համալսարանի նկատմամբ՝ ԱՄՆ-ի հարկադրած պատժամիջոցների վերաբերյալ քննադատությամբ, հայտնում է tehrantimes.com լրատվական գործակալությունը:
«Ալ-Մուսթաֆա» միջազգային համալսարանը իրանական կրոնական գիտական հաստատություն է, որը կրթական ծրագրեր է առաջարկում ոչ իրանցի ուսանողների համար՝ ամբողջ աշխարհից:
«Այս քայլն անկասկած վկայում է ԱՄՆ-ի՝ իրանական ազգի գիտական և մշակութային առաջընթացի ուղղությամբ ամբարտավան վարչակազմի անկարողության և հիասթափության մասին: Մենք՝ ազգի և հեղափոխական խորհրդարանի ներկայացուցիչներս, համարում ենք, որ այս անգրագետ պատժամիջոցները միջազգային գիտական կենտրոնի նկատմամբ, որն իր գործունեության առաջնագծում դրել է արդարության, հոգևորության և ռացիոնալության կարգախոսը, անբարոյական և անօրինական գործողություններ են, որոնք հակասում են միջազգային չափանիշներին: Այդպիսով մենք դատապարտում ենք այդ պատժամիջոցները և մեր զորակցությունը հայտնում այս ականավոր հաստատությանը», - ասված է հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի օտարերկրյա հաշիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի «Ալ-Մուսթաֆա» միջազգային համալսարանի նկատմամբ՝ կառույցին մեղադրելով տվյալների հավաքագրման և լրտեսության համար:
Իրանի «Ալ-Մուսթաֆա» միջազգային համալսարանը օտարերկրյա ուսանողների համար նախատեսված գիտակրթական հաստատությունն է, որն զբաղվում է շիիզմի ուսումնասիրությամբ: Ըստ ԱՄՆ-ի օտարերկրյա հաշիվների վերահսկման գրասենյակի՝ այստեղ սովորում են մեծ թվով օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկացի ուսանողներ:










