«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը հայտնել է Սոլեյմանիի և Ասադի օգնությամբ Գազային զենքի մատակարարման մասին
«Հեզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը բացահայտել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հանգուցյալ հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին, որին սպանել էր Վաշինգտոնը մոտ մեկ տարի առաջ, այն անձն էր, որը պատասխանատու էր ռուսական արտադրության «Կորնետ» հակատանկային կառավարվող հրթիռները Գազա հասցնելու համար, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Կիրակի օրը լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նասրալլահն ասել է. «Հաջ Ղասեմ Սոլեյմանին և նրա թիմը չեն ձախողվել ոչ մի բանում, ինչը կարող էր առաջարկվել Պաղեստինին»:
Նա շեշտել է, որ «Կորնետ» հրթիռների մատակարարումը, Պաղեստինի դիմադրության Գազայում տեղակայված ուժերին, ղեկավարում էր նահատակված Ղասեմ Սոլեյմանին:
Նասրալլահը նաև մատնանշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համաձայնվել է «Կորնետ» հրթիռների փոխանցմանը «ՀԱՄԱՍ» շարժման և Պաղեստինի իսլամական ջիհադի (ԳՀԻ)՝ Գազայում տեղակայված ուժերին:
«Կորնետ» հակատանկային կառավարվող հրթիռները նախատեսված են մարտական տանկերի դեմ օգտագործման համար: Դրանք առաջին անգամ ներդրվել են ռուսական բանակի ծառայության համար 1998 թվականին:
Պաղեստինցիներն առաջին անգամ «Կորնետ» հրթիռն արձակել են 2010 թվականի դեկտեմբերի 3-ին իսրայելական «Մերկավա 3» տանկի ուղղությամբ, որը մասնակցում էր Գազայի շրջակայքում իրականացվող պարեկությանը:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին՝ Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով:










