Թրամփը ստորագրել է «Բելառուսում ժողովրդավարության մասին ակտ». այն կոչ է անում Բելառուսում նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

15:17 • 28.12.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 2021 թվականի բյուջեն։ Այս փաստաթղթում տեղ է գտել նաև «Բելառուսի ժողովրդավարության, մարդու իրավունքների և ինքնիշխանության» մասին ակտը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը, փոխանցում է EADaily-ն։

«Բելառուսում ժողովրդավարության մասին ակտը» երկրում ընտրություններից հետո բողոքի ակցիաների հետ կապված պատժամիջոցներ սահմանելու համար լրացուցիչ լիազորություններ է տալիս ԱՄՆ նախագահին։

Թրամփի կողմից ստորագրված ակտը կոչ է անում Բելառուսում նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև ընդդիմադիր Համակարգող խորհուրդը ճանաչում է օրինական ինստիտուտ՝ իշխանության խաղաղ փոխանցման շուրջ երկխոսությանը մասնակցելու համար:

Բացի այդ, ակտում ասվում է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Բելառուսի ընդգրկումը Ռուսաստանի հետ Միութենական պետության կազմում։

Ավելի վաղ ակտը հավանության էր արժանացել ամերիկյան խորհրդարանի երկու պալատների կողմից։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները: ԵՄ-ի և ԱՄՆ-ն չեն ճանաչել քվեարկության արդյունքները և Բելառուսի իշխանություններին մեղադրել են ընտրությունները կեղծելու համար։