«Կրկնապատկել ենք զինանոցը, ունենք բավականաչափ ճշգրիտ հրթիռներ ագրեսիայի դեպքում Իսրայելի ցանկացած կետ խոցելու համար». «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

11:41 • 28.12.20

«Հեզբոլլահ»-ը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ունակ է խոցել ցանկացած կետ Իսրայելում: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում զգուշացրել է լիբանանյան շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը, գրում է EAdaily լրատվականը:

«Դիմադրության ուժերը վերջին ժամանակները կրկնապատկել են իրենց զինանոցը և ունեն բավականաչափ ճշգրիտ հրթիռներ, ինչը նրանց թույլ է տալիս ագրեսիայի դեպքում խոցել Իսրայելի ցանկացած կետ»,-ասել է նա:

Նասրալլահի խոսքերով` շիա մարտիկները «հարմար զենք» են օգտագործում նաև իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ, որոնք «շատ ավելի քիչ  են սկսել հայտնվել լիբանանյան երկնքում»:

«Հեզբոլլահ»-ի առաջնորդն ասել է, որ դիմադրության ստորաբաժանումները լիարժեք մարտական պատրաստության վիճակի են բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական սադրանքը հաշվի առնելով: Բացի այդ, նա հիշեցրել է, որ «Հեզբոլլահ»-ն իրեն իրավունք է վերապահում պատասխանել իր հրամանատար Ալի Մոհսենի մահվանը, նա մահացել է երկու ամիս առաջ Դամասկոսի հարավային ծայրամասերում իսրայելական ավիահարվածի ժամանակ:

Անդրադառնալով  ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք Իրանի ու ԱՄՆ-ի միջև նոր գործարք կնքելու հնարավորությանը՝  շիա քաղաքական գործիչը շեշտել է, որ նման համաձայնագրերը «ոչ մի դեպքում չեն կնքվի ի վնաս տարածաշրջանի ժողովուրդների շահերի»:

Մեկնաբանելով օգոստոսից Լիբանանում շարունակվող կառավարական ճգնաժամը՝  Նասրալլահը նշել է, որ դրա հիմնական պատճառը «նախագահ Միշել Աունի և վարչապետ Սաադ Հարիրիի միջև վստահության բացակայությունն է: