Հութիները նախազգուշացրել են Սաուդյան Արաբիայի կողմից հնարավոր պատերազմ հրահրելու դեպքում Կարմիր ծովում իրավիճակի «նշանակալի սրացման» մասին

13:51 • 28.12.20

Ըստ «Ալ-Մասիրա» հեռուստաընկերության՝ հութիական «Անսարալլա» շարժումը նախազգուշացրել է, որ եթե Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Կարմիր ծովի շրջանը վերածի պատերազմական գոտու, ապա «սրացումը նշանակալի կլինի», հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

«Մենք Կարմիր ծովի անվտանգության և ծովային նավարկության ազատության կողմնակից ենք», - ասել է «Անսարալլա» շարժման՝ կառավարության պաշտպանության և անվտանգության հարցերով պետի տեղակալ Ջալալ Ալ-Ռուայշենը:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ը, եվրոպացիները, որոշ ամերիկացիներ, տարածաշրջանային պաշտոնյաներ ու հումանիտար օգնության կազմակերպություններ դեմ են «Անսարալլահ» շարժման՝ «սև ցուցակում» հայտնվելուն, քանի որ դա կհանգեցնի պատժամիջոցների, որոնք կարող են խոչընդոտել միջազգային օգնության առաքմանը այն դեպքում, երբ սովը սպառնում է Եմենին:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» թերթը հրապարակել էր տեսանյութ, որում երևում էր Կարմիր ծովում տեղադրված ականների պայթյունները: Սաուդյան Արաբիայի պնդմամբ, ականները տեղադրել էին հութիները: