«Արգելվում է տնից հեռանալ ավելի քան 1 կմ հեռավորության վրա». Իսրայելում սահմանվել է մարտից ի վեր 3-րդ խիստ կարանտինը

11:14 • 28.12.20

Այս կիրակի 2020 թվականի մարտից ի վեր արդեն երրորդ խիստ կարանտինն է սկսվել Իսրայելում՝ տեղական ժամանակով 17:00-ին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով, որ երկրում մինչև հունվարի 9-ն արգելվում է հեռանալ տնից ավելի քան 1 կմ հեռավորության վրա:

Ըստ այդմ՝ Իսրայելում արգելվում է միմյանց հյուրընկակվել, փակվում են բոլոր առևտրի կենտրոնները, բացի առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներից, իսկ ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն «վերցրու քեզ հետ» սկզբունքով:

Սահմանափակումների հիշյալ ցանկը հրապարակել է առողջապահության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հունվարի 9-ն արգելվում է ավելի քան 1 կիլոմետրով հեռանալ տնից, բացառությամբ պատվաստվելու, բժշկական կամ սոցիալական օգնություն ստանալու, ցույցերին կամ դատավարությանը մասնակցելու, սպորտով զբաղվելու նպատակով ոտքով զբոսանքի, թույլատրված աշխատանքի կամ կրթօջախ այցելելու, հուղարկավորության, թլպատման արարողության կամ հարսանիքի մասնակցելու դեպքերի: Խախտելու համար նախատեսվում է 500 շեկելի չափով տուգանք (մոտ 155 ԱՄՆ դոլար)»:

Բացի այդ գերատեսչությունից տեղեկացրել են նաև, որ արգելված է լքել բնակության վայրը այլ մարդու բնակության վայրում գտնվելու նպատակով:

Երկու շաբաթով դադարում են աշխատել բոլոր հանգստյան տները, կենդանաբանական այգիները, ազգային և բնության այգիները, հուշահամալիրները, գեղեցկության սրահներն ու վարսավիրանոցները, այլընտրանքային և լրացուցիչ բժշկության վայրերը, կինոթատրոնները, առևտրի կենտրոնները, շուկաներն ու թանգարանները:

Ինչ վերաբերում է երկրում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ապա մանկապարտեզներում ու դպրոցներում դասապրոցեսն առայժմ չի ընդհատվի: