Հարավային Կորեան հայտնել է երկրի տարածքում կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման առաջին դեպքերի մասին
Հարավային Կորեան Միացյալ Թագավորությունից ժամանած երեք մարդու մոտ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությանը:
«Դեկտեմբերի 22-ին Մեծ Բրիտանիայից ժամանած կորոնավիրուսով վարակված 3 մարդու մոտ գենետիկական անալիզի արդյունքներով հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական տարբերակը: Նրանք երկիր են եկել որպես Լոնդոնում ապրող ընտանիք, ստուգման ժամանակ նրանց մոտ հայտնաբերել են վիրուս, այժմ նրանք կարանտինում են»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Մեծ Բրիտանիայից մուտք գործած մեկ այլ` 4 հոգանոց ընտանիքի անալիզները դեռևս ստուգվում են, նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Հիշեցնենք, որ վիրուսի նոր տեսակի տարածման մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր դեկտեմբերի 14-ին: Հայտնի է, որ այն ավելի արագ է տարածվում, սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:
Վիրուսի «բրիտանական» տեսակով վարակման դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի շարք այլ երկրներում ևս՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, ինչպես նաև Ճապոնիայում:










