Ոստիկանները, Աշոտ Սիմոնյանի թևերը ոլորելով, նրան առևանգելով տարել են Արաբկիրի բաժին․ ՀՔԾ-ում հաղորդում ենք ներկայացնելու ոստիկանի կողմից առևանգման փաստի վերաբերյալ․ փաստաբան

16:46 • 28.12.20

Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում  ենք ներկայացնելու ոստիկանի կողմից ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանի առևանգման փաստի հետ կապված։ Այս մասին ՀՔԾ-ի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա ներկայացրեց, որ այսօր Աշոտ Սիմոնյանին խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին, բերման ենթարկելու 3 ժամը լրացել է 14։20-ին, նշված ժամի դրությամբ, Պապոյանի խոսքով, ո՛չ ձերբակալման որոշում է եղել, ո՛չ արձանագրություն։

«Բոլորս իջանք դուրս և հայտարարեցինք, որ երբ պատշաճ կծանուցեք, այդ ժամանակ կներկայանանք։ Դրսում Աշոտ Սիմոնյանը հարցազրույց էր տալիս մի լրատվամիջոցի, որի ժամանակ՝ 14։30-ի սահմաններում մոտենում է օպեր գծով տեղակալը և բանավոր  հայտարարում է՝ մենք ձեզ հենց հիմա ծանուցում ենք, հենց հիմա պետք է ներկայանաք Ոստիկանության Արաբկիրի բաժին, և որևէ ծանուցագիր չեն հանձնում Աշոտ Սիմոնյանին և ներգրավված պաշտպան Վահե Եփրիկյանին։ Ծանուցագիրը տալիս են Ոստիկանության ծառայողների ձեռքը, Աշոտ Սիմոնյանի թևերը ոլորելով, առևանգելով տանում են Արաբկիրի բաժին»,- ասաց Պապոյանը՝ նշելով, թե այդուհետ ոստիկանից խնդրել է ծանուցագիրն ու ծանոթացել բովանդակությանը։

«Իրավական հիմք չկա, դա ընդամենը ծանուցագիր էր։ 14։33-ին, առանց որևէ իրավական հիմքի Աշոտ Սիմոնյանին ձերբակալել են ոստիկանության ծառայողները»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե ծանուցագրում Ոստիկանություն ներկայանալու ժամը 14։40-նն էր։

Նրա տեղեկացմամբ՝ այժմ Սիմոնյանը Ձերբակալվածների պահման վայրում է, և արդեն իսկ բողոք է ներկայացվում՝ ձերբակալման իրավաչափությունը քննելու համար։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե Ոստիկանության գործողությունների բնույթի փոխվելը զարմանալի չէ, որովհետև այսօր էլ խորհրդարանի ամբիոնից պատգամավորները հորդորներ էին հնչեցնում Ոստիկանությանը՝ իր ծառայությանը որոշակի ուղղվածություն տալու մասով։

«Ոստիկանությունն ականջալուր եղավ քաղաքական ամբիոնից հնչեցվող իրենց հորդորներին և կարճ ժամկետում այդ հորդորը կատարեց։ Այսինքն՝ կատարում են ցանկացած անօրինական արարք՝ քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար։ Ես համոզված եմ, որ Ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը ավելի է սաստկանալու, և ներկա իշխանությունը իր իշխանությունը պահելու համար Ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին ամբողջ ծավալով  ներգրավելու է բազմաթիվ հանցագործությունների կատարման մեջ, որպիսիք կարող են լինել լիազորությունների անցումը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, ապացույցներ կեղծելը»,-ասաց նա։

Հարցին՝ այսինքն՝ Ոստիկանությունը քաղաքական պատվե՞ր է կատարում, Մակինյանն արձագանքեց՝ այո։ «Հակառակ պայմաններում Ոստիկանությունը ոչ մի մոտիվացիա չունի հանցանք կատարելու»,-նշեց նա։